Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Պետական փաստաթուղթը ոչ միայն տեխնիկական կրիչ է, այլև՝ ինքնության ներկայացում

Պետական փաստաթուղթը ոչ միայն տեխնիկական կրիչ է, այլև՝ ինքնության ներկայացում
28.04.2026 | 19:21

Կառավարությունը հերթական անգամ փորձում է տեխնիկական փոփոխությունը ներկայացնել որպես քաղաքական ձեռքբերում։ Նոր բիոմետրիկ անձնագրերի ներդրումը, գույնի փոփոխությամբ կամ առանց դրա, ինքնին նորություն չէ․ դա միջազգային ստանդարտներին համապատասխանելու պարտադիր գործընթաց է, ոչ թե բացառիկ հաջողություն։

Սակայն խնդիրը սկսվում է այնտեղ, որտեղ այս քայլը ներկայացվում է որպես արագ ճանապարհ դեպի վիզաների ազատականացում Եվրոպական միության հետ։ Իրականությունը շատ ավելի բարդ է։ Անձնագրի որակը ընդամենը մեկ բաղադրիչ է մի համակարգում, որտեղ որոշիչ դեր ունի իրավական պետությունը, սահմանների վերահսկումը, կոռուպցիայի մակարդակը և միգրացիոն ռիսկերի կառավարումը։

Այդ ֆոնին հասարակությանը մատուցել «նոր անձնագիր = մոտեցանք Եվրոպային» թեզը ոչ թե պարզեցում է, այլ վտանգավոր կիսաճշմարտություն։ Դա ստեղծում է սպասումներ, որոնք չեն կարող արագ իրականանալ, և արդյունքում՝ խորացնելու է հիասթափությունը, կամ կանգնելու է ժողովուրդը «կոտրած տաշտակի առաջ»։

Ավելին, եթե նման փոփոխությունները համընկնում են նախընտրական փուլերի հետ, բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք դրանք արվում են համակարգային բարեփոխումների շրջանակում, թե՞ օգտագործվում են որպես տեսանելի, բայց մակերեսային արդյունք՝ քաղաքական միավորներ հավաքելու համար։

Պետք է հստակ արձանագրել․ նոր բիոմետրիկ անձնագիրը անհրաժեշտ փոքրիկ քայլ է, բայց ոչ բավարար։ Եվ եթե իշխանությունը չունի կամ չի ներկայացնում ամբողջական ճանապարհային քարտեզ դեպի իրական բարեփոխումներ, ապա այս քայլը մնում է առավելապես ձևական՝ փաթեթավորված քաղաքական հաղորդագրության մեջ։

Ի վերջո, քաղաքացիներին պետք չէ նոր գույնի անձնագիր՝ որպես խորհրդանիշ։ Քաղաքացիներին պետք են իրական արդյունքներ՝ անվտանգություն, արդարություն և միջազգային վստահություն, որոնք ձեռք չեն բերվում միայն դիզայնի փոփոխությամբ։

Անգամ դիզայնի մակարդակում նոր անձնագիրը հարցեր է առաջացնում։ Երբ ազգային ինքնության ամենահզոր խորհրդանիշներից մեկը՝ Արարատ լեռը, դուրս է մնում տեսանելի պատկերաշարից և պահպանվում միայն գերբի սահմաններում, դա դժվար է բացատրել զուտ «մինիմալիզմով»։

Պետական փաստաթուղթը ոչ միայն տեխնիկական կրիչ է, այլ նաև ինքնության ներկայացում։ Եվ երբ այդ ներկայացումը աղքատանում է խորհրդանշական իմաստով, առաջանում է հիմնավոր կասկած՝ արդյո՞ք սա պարզապես դիզայնի ընտրություն է, թե ավելի խորքային մոտեցման արտահայտություն։

Նոր անձնագրի դիզայնը ոչ միայն գեղագիտական, այլ նաև գաղափարական հարցեր է բարձրացնում։ Այն, ինչ ներկայացվում է որպես «Հայաստանի քարտեզ», փաստացի կրկնում է Հայկական ՍՍՀ վարչատարածքային ուրվագիծը, որը ձևավորվել է Խորհրդային Միություն պայմաններում։

Սա ինքնին խնդիր չէր լինի, եթե խոսքը լիներ զուտ տեխնիկական ժառանգության մասին։ Սակայն երբ պետական փաստաթուղթը վերածվում է ինքնության ներկայացման գործիքի, առաջանում է հարց՝ ինչո՞ւ է որպես խորհրդանիշ ընտրվում մի քարտեզ, որը պատմականորեն սահմանափակված է սովետական վարչարարությամբ։

Այս մոտեցումը ակամա նեղացնում է պետական ինքնության ընկալումը՝ այն կապելով ոչ թե պատմական և իրավական Հայաստանի ամբողջական պատկերացման, այլ սովետական շրջանի ձևաչափի հետ։

Եվ այստեղ արդեն հարցը դառնում է ոչ թե դիզայնի, այլ մտածողության․ արդյո՞ք մենք մեր պետությունը ներկայացնում ենք որպես պատմական շարունակություն, թե որպես ադմինիստրատիվ ժառանգություն։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ